Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, կապված Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հետ:
Այսպես, ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը, խոսելով Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, ընդգծել է, որ Երևանում իրենք ուշադիր հետևում են գործընթացներին և մշտական շփումների մեջ են գործընթացին ներգրավված բոլոր կողմերի հետ: «Մենք հստակորեն հայտնում ենք մեր մտահոգությունները: Հայաստանի համար Իրանի հետ ավանդական, բարեկամական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Ներկայումս Իրանի վրա պատժամիջոցների ազդեցության հետևանքների շուրջ իրականացվում է համապարփակ փորձագիտական վերլուծություն», - ասել է Նաղդալյանը:
Նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտան Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնք կներառեն նավթի արտահանումը: Նախկինում Վաշինգտոնը հայտարարել էր իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու մասին և իր գնորդներին կոչ էր արել հրաժարվել գնումներից: Երկուշաբթի օրը Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցանկում ընդգրկել են Իրանի 700-ից ավելի անձանց, կազմակերպությունների, օդանավերի և նավերի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունից: Նա նաև հաղորդեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում`երկրորդային, այսինքն, նաև Իրանի դեմ գործարար կապեր ունեցող բոլոր երկրների դեմ: