Արմինֆո. ԱՄՆ պատժամիջոցների պատճառը ոչ միայն Իրանի միջուկային զենքի ստեղծման ցանկությունն է, այլև ահաբեկչությանը շարունակական աջակցությունն ու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը Թեհրանի կողմից: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենտը «Voice of America» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցների մասին:
Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր հայտարարություններով հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ Իրանն ապակայունացնող ուժ է տարածաշրջանում:
«Միացյալ Նահանգները լուրջ է վերաբերվում տարածաշրջանային այդ սպառնալիքին, բայց միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների կառավարությունը ցանկանում է աշխատել իր գործընկերների և ընկերների հետ, վստահ լինել, որ նրանք անդառնալի կորուստներ չունեն: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ծանր աշխարհագրական դիրք ունի, բայց մենք մտահոգված ենք տարածաշրջանային կայունության մեջ», - եզրափակել է նա:
Նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտան Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնք կներառեն նավթի արտահանումը: Նախկինում Վաշինգտոնը հայտարարել էր իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու մասին և իր գնորդներին կոչ էր արել հրաժարվել գնումներից: Երկուշաբթի օրը Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցանկում ընդգրկել են Իրանի 700-ից ավելի անձանց, կազմակերպությունների, օդանավերի և նավերի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունից: Նա նաև հաղորդեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում`երկրորդային, այսինքն, նաև Իրանի դեմ գործարար կապեր ունեցող բոլոր երկրների դեմ: