Արմինֆո. ԱՄՆ եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը կարծում է, որ Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է: «Ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն արտահայտվեց գարնանը տեղի ունեցած այսպես կոչված թավշյա հեղափոխության տեսքով:
Այժմ հայերը հնարավորություն ունեն իրենց կարծիքը արտահայտել քվեաթերթիկի միջոցով խորհրդարանական ընտրությունների ժամանակ՚, - նշել է Քենթը «Ամերիկայի Ձայնով՚ հեռարձակված հարցազրույցում, հավելելով, որ Վաշինգտոնն աջակցում է ժողովրդավարական, բարգավաճ և անվտանգ Հայաստանին:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ԱՄՆ պաշտոնյան հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: «Ամերիկյան համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան և տարածաշրջան: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, որոնք առավել հայտնի են որպես մադրիդյան սկզբունքներ, մասնավորապես. Ուժի սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը՚, - ամփոփել է նա: