Արմինֆո. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում: Ցոլակյանը նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շիրակի մարզում:
Ֆելիքս Ցոլակյանը նաև նշել է, որ ՀՀԿ անդամ չի եղել և իշխանությում եղել է իր աշխատանքի շնորհիվ: «Այժմ իրավիճակը փոխվել է, և ես իմ աջակցությունն եմ առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությանը: Ես երբեք չեմ եղել կուսակցական և, միանշանակ, չեմ լինի՚, - ընդգծել է Ցոլակյանը: Նա դժվարացել է պատասխանե,, թե արդյոք պատրաստ է վերադառնալ օրենսդիր աշխատանքի:
Անդրադառնալով այն դիտողությանը, թե ինքը համարվում է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներից, ԱԻ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ ինքը երբեք Ս.Սարգսյանի մերձավորը չի եղել, ընդամենը եղել է քաղաքացիական ծառայող և կատարել էր իր աշխատանքը` իր լիազորությունների շրջանակում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի, եթե իրեն խնդրեն դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է. «Ես երբեք չեմ դառնա որեւէ կուսակցության անդամ»: