Արմինֆո.Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Կլեմենտ Նյալետսոսի Վուլը նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի իրացումը գնահատելու նպատակով:
Այցի շրջանակներում Վուլը կլինի Գյումրում, Վանաձորում, Վայքում, Երևանում, որտեղ կհանդիպի կառավարական պաշտոնյաների, դատական և օրենսդիր մարմինների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի դիվանագիտական կորպուսի ու միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
<Այս այցն հնարավորություն կտա ինձ ուսումնասիրել Հայաստանում խաղաղ հավաքների և միավորումների հետ կապված հարցերը, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ շահագրգիռ տարբեր կողմերից>,- ասել է Վուլը՝ ավելացնելով, որ Հայաստանն այժմ ապրում է խաղաղ ժողովրդավարական անցում, այն ունի մարդու բոլոր իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումն ուժեղացնելու մեծ ներուժ: