Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը դատի կտա գործարար Սիլվա Համբարձումյանին` զրպարտության համար: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմյանը:
«Այն ամենը, ինչ Համբարձումյանն ասել է, զրպարտություն է, նման բան չի կարող լինել: Մենք դատի կտանք, նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար», - ասել է Սողոմոնյանը:
Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսում Համբարձումյանը հայտարարել էր, որ արդեն ցուցմունք է տվել, որ «Հ2» հեռուստաընկերության սեփականատիրոջ` ձեռնարկատեր Սամվելե Մայրապետյանի միջոցով կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին:
Նա նաև ասել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ դատական հայց է ներկայացրել գողության համար: Ըստ Համբարձումյանի, Խաչատրյանը խաբեությամբ յուրացրել է իր հանքավայրը, և այդ գործում նախկին մարզպետի «տանիքն» էին հանդիսանում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց Սարգսյանն ու Սարգսյանը դեռ չեն արձագանքել Համբարձումյանի մեղադրանքներին:
Ձեռնարկատերը նաև հիշեցրել է նախկին Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին 8 միլիոն դոլարի կաշառք տալու դեպքի մասին, նախկինում նշվում էր 14 միլիոն դոլարը: Նրա խոսքերով, կաշառք է տրվել երկաթի հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար և չի ծառայել իր նպատակին: «Բաղրամյան 26-ից ինձ խոստացան, որ այդ գումարը կվերադարձվի ինձ, բայց վերջում գործը դադարեցվեց: Բայց նոր իշխանությունների հետ որոշեցի վերսկսել այդ բոլոր գործերը», - ասել է Համբարձումյանը, հավելելով, որ ներկայումս պետությունն իրեն հատկացրել է անվտանգություն: «Ինչպես կարող եմ իմանալ, թե դրանցից որ մեկն է ուզում ինձ վերացնել», - խոստովանել է նա: