Արմինֆո. Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նախ տեղի է ունեցել ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում անդամ պետությունների միջև համագործակցության արդիական հարցերի շուրջ:
Հանդիպմանը հաջորդել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Նեղ կազմով նիստում պարոն Միրզոյանը հանդես է եկել ելույթով:
Նա կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով կապերի խորացումը և նշել, որ անհրաժեշտ է իրականացնել պրակտիկ քայլեր ԱՊՀ-ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ իրացնելու համար, ինչն իր հերթին մեծապես կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, հումանիտար կապերի զարգացմանը:
Ընդլայնված կազմով նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված հարցերը, որին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պարոն Միրզոյանը ստորագրել է 5 համաձայնագիր և մեկ տասնյակ որոշումներ, որոնք վերաբերում էին տնտեսության, էներգետիկայի, հարկային վարչարարության, ինովացիոն, տիեզերական հետազոտությունների, մշակութային-հումանիտար ոլորտներին:
Այնուհետև ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայեվի հետ:
Պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:Նա կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Երկուստեք գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում առկա են աճի միտումներ և տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման մեծ ներուժ:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշել համագործակցությունը հարստացնելու նոր գործնական ուղղություններ: Քննարկվել են ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնելու, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև ԼՂՀ կարգավորման խնդրին։ Նա մասնավորապես անընդունելի է համարել հարցի ընդգրկումը զանազան կազմակերպությունների օրակարգում, ինչպիսիք են օրինակ Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, և ընդգծել է, որ հարցի կագավորման միակ ընդունված հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն է։
Հանդիպման ընթացքում առանձնակի անդրադարձել են հայ - ղազախական հարաբերություններում ղազախահայ համայնքի դերակատարմանը: