Արմինֆո. Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է՝ առանց <օկուպացված ադրբեջանական տարածքների> ազատման, հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ չի կարող լինել:
Ինչպես հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմը, Անկարան ընդգծել է նաև, որ կշարունակի աջակցել Ադրբեջանին և իր արտաքին քաղաքական օրակարգում պահել ղարաբաղյան հարցը:
<Եթե Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, պետք է անհապաղ ազատի օկուպացված ադրբեջանական տարածքները>,- ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում՝ ավելացնելով նաև, որ Հայաստանը պետք է հրաժարվի 1915 թ. իրադարձությունների հետ կապված Թուրքիայի նկատմամբ պահանջներից:
<Չնայած արխիվները բացելու և 1915թ. իրադարձությունները քննող համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի բոլոր կոչերի՝ Հայաստանը մինչ օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել>,- ասել են Էրդողանի աշխատակազմում:
Նոյեմբերի 1-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նրա ասելով, պետք չէ այդ դիրքորոշումը կապել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ, որը Երևանի համար ազգային և միջազգային անվտանգության հարց է, քանի որ նպատակաուղղված է նոր ցեղասպանությունների կանխարգելմանը: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակումը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ` Ադրբեջանի օգտին, և համոզմունք է հայտնել, որ դա սխալ քաղաքականություն է. չի կարելի սպառնալիքի ճանապարհով ինչ-ոչ պահանջ դնել: Նիկոլ Փաշինյանն ընդսմին հավելել էր, որ նման դիրքրոոշումը հանգեցնում է Հայաստանի և Արցախի հասարակությունների էլ ավելի համախմբման: