Արմինֆո. Քանի դեռ Հայաստանում ներքաղաքական գործընթացները չեն ավարտվել, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն քննարկել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորումն ապահովելու տարբերակները: Այդ մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին գործընթացները, ինչպես նաև բանակցություններում Արցախին ներգրավելու Երևանի կոչերը:
<Որքանով տեղյակ եմ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշանբեում կայացած հանդիպման պայմանավորվածությունը կայանում էր այն բանում, որ շփումներն անհրաժեշտ է շարունակել, որ արտգործնախարարները հանդիպելու են և, իհարկե, թե Հայաստանը, թե Ադրբեջանն աշխատելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք ողջունում ենք նման պայմանավորվածությունը, թեև հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանում ներքաղաքական գործընթացները չեն ավարտվել, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն քննարկել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորումն ապահովելու տարբերակները>,- ասել է Լավրովը:
Չնայած, ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Հայաստանում դեկտեմբերին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստման գործընթացում շփումներ նախատեսված են, և համանախագահներն այցելում են տարածաշրջան, հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության, արտգործնախարարների հետ: Նրա խոսքով, նման շփումներ պահպանելը կարևոր է, որպեսզի հենց որ հանգամանքները թույլ տան, հնարավոր լինի լրջորեն քննարկել կարգավորման հետ կապված հարցերը:
<Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմին բանակցություններում ներգրավման վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, մենք արդեն մեկնաբանել ենք դրանք: Այդ հարցը պետք է հակամարտության կողմերը լուծեն: Անշուշտ, Երևանն իր բանակցային դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները, բայց ներկայիս երկկողմ բանակցային ձևաչափը փոխելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը: Որքանով գիտեմ, նման համաձայնություն չկա>,-ասել է Լավրովը: