Արմինֆո. Ռուսաստանի համար չափազանց կարևոր է բոլոր բնագավառներում և ոլորտներում հարաբերությունների լիաֆորմատ զարգացումը կովկասյան տարածաշրջանի երկրների հետ: Նախօրեին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի համար որքանով է կարևոր Կովկասի ժողովուրդների միջև փոխըմբռնումը:
«Դա անփոփոխ ճշմարտություն է. աքսիոմա: Ռուսաստանի համար չափազանց կարևոր է բոլոր բնագավառներում և ոլորտներում հարաբերությունների լիաֆորմատ զարգացումն այդ տարածաշրջանի երկրների հետ: Մենք չենք հոգնում սա կրկնել՚, - ընդգծել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի և Վրաստանի ընտրությունների ելքի և նրանց հետ փոխհարաբերությունների հեռանկարների առնչությամբ, Զախարովան, մասնավորապես, ասել է. «Հայաստանում խոսքը վերաբերում է ոչ թե ընտրություններին, այլ միանգամայն այլ ընթացակարգի: Ինչ վերաբեւմ է Վրաստանի ընտրություններին, ապա դա զուտ ներքաղաքական գործընթաց է, որը, բացի այդ, դեռ չի ավարտվել: Դիտորդները տվել են համապատասխան գնահատականներ: Դա Վրաստանի ներքին գործն է: Կարող եմ միայն մեծ ափսոսանքով փաստել, որ ընտրարշավի ընթացքում, որը դեռ շարունակվում է, հնչել են հակառուսական հայտարարություններ: Դա վշտացնում է և չի նպաստում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին՚, - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, կոչ անելով թույլ տակ Վրաստանի ժողովրդին կատարել անաչառ ընտրություն` առանց որևէ արտաքին ճնշման, հնարավորություն տալ նորմալ մթնոլորտում իրականացնել ընտրություն` որը կարևոր է կաև երկրի զարգացման համար: