Արմինֆո.Հայաստանը գնահատվում է միջազգային հանրության հետ աշխատանքի բաց լինելու համար: Այդ մասին հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոն` «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» միջազգային համաժողովի ընթացքում իր ողջույնի խոսքում:
Նա հիշեցրել է, որ Վենետիկյան հանձնաժողովը Հայաստանի հետ աշխատել է Միջազգային վերլուծական կենտրոնի բացումից հետո, եւ կարեւորել է սահմանադրության տառին ու ոգուն հետեւելը: Նրա ասելով, սահմանադրությունը կարող է անհատական իրավունքներ երաշխավորել եւ դառնալ պետությունների ժողովրդավարական կարգի հիմք միայն այն արժեքների շրջանակում, որոնք դրանում ամրագրված են, ընկալվում են հասարակության եւ քաղաքական վերնախավի շրջանում: Բուքիքիոն շեշտել է, որ սահմանադրականության պայմաններում անսահման իշխանություն չի կարող լինել:
Այս առնչությամբ նա փաստել է, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների մեծ մասն ընդունել է նոր ժողովրդավարական սահմանադրություններ, բայց ոչ ամենուրեք են դրանք լիովին գործում` քաղաքական կամքի բացակայության պատճառով: Այս առումով նա նշել է, որ Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո ընդունեց նոր սահմանադրություն, եւ դատական համակարգը ջանքեր է գործադրել երկրում նոր սահմանադրական մշակույթ ձեւավորելու համար: Նա հիշեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի հետ խորհրդատվություններ է անցկացրել 2005 եւ 2015 թվականներին երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելիս: «2015-ին Հայաստանը նոր սահմանադրություն ընդունեց, մեզ թվում էր` լավագույններից մեկը Եվրոպայում: Սակայն, չնայած այդ շատ լավ սահմանադրությանը, քաղաքացիներն ակնհայտորեն գոհ չէին երկրում տիրող իրավիճակից, ինչը հանգեցրեց թավշյա հեղափոխության», - նշել է Բուքիքիոն:
Միեւնույն ժամանակ նա հարց է տվել, թե արդյոք դա նշանակում է, որ սահմանադրությանը Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականը սխալ էր: «Կարծում եմ` ոչ: Խնդիրն այն է, որ նախորդ իշխանությունը չէր յուրացրել նոր սահմանադրության արժեքները եւ այն համարում էր մարտավարական գործիք` սեփական իշխանությունը պահպանելու համար», - ասել է Բուքիքիոն: Սակայն, ըստ նրա, հայ ժողովուրդն ավելի իմաստուն գտնվեց եւ խաղաղ ցույցերով «թավշյա հեղափոխության» միջոցով փոխեց իշխանությունը:
Միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ խաղաղ իշխանափոխության շուրջ հասարակական կոնսենսուսը դրական
կանդրադառնա Հայաստանի ապագայի վրա: Նա ընդսմին կարծում է, որ նոր իշխանությունները, որոնք կընտրվեն դեկտեմբերին, կգործեն ոչ միայն խոսքի, այլեւ նոր սահմանադրության ոգուն համաձայն: Սակայն, Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի խոսքերով, դա բնավ չի նշանակում, որ աշխատանքն ավարտվել է, եւ Հայաստանը լուրջ խնդիրներ չի ունենա բարգավաճ ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհին, քանի որ անհրաժեշտ է մեծ բարեփոխումներ իրագործել:
Բուքիքիոն նաև նշել է, որ սահմանադրության հիմնական գաղափարն այն է, որ իշխանությունը անսահման չէ: Նրա խոսքերով, եթե պետական իշխանությունը մենաշնորհվում է, դա բերում է կոռուպցիոն դրսեւորումների, անազատ ընտրական գործընթացների, քաղաքացիական հասարակության սահմանափակ հնարավորությունների եւ օրենքի գերակայության բացակայության: «Եվ նման դեպքերում առաջին զոհերը սահմանադրական դատարաններն են, եւ ամեն ինչ պետք է արվի նրանց անկախությունն ապահովելու համար: Եվ նոր իշխանությունները պետք է ամրապնդեն ոչ միայն այն, ինչ ձեռք է բերվել, այլեւ նպաստեն երկրում սահմանադրական մշակույթի ամրապնդմանը», - ամփոփել է Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը: