Արմինֆո.Այսօր Երևանում մեկնարկեց իր տեսակի մեջ առաջին լայնածավալ միջազգային համաժողովը, որը նվիրված է աղքատության կրճատման և կայուն զարգացման օրակարգում սոցիալական պաշտպանության դերի վերաիմաստավորմանը:
«Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարյուրամյակը կարևոր և պարտավորեցնող առիթ է, որպեսզի վերաիմաստավորենք սոցիալական պաշտպանության համակարգի դերը աղքատության կրճատման օրակարգում: Հայաստանը պետք է ունենա սոցիալական համակարգ, որում կներառվեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա, կգնահատվեն մարդկանց կարիքները՝ աջակցությունը հասցեական տրամադրելու համար», - նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
«Աղքատությունը մարդկանցից հաճախ խլում է իրենց հնարավորությունները, հույսը, արժանապատվությունն ու իրենց կարողությունների նկատմամբ վստահությունը: Բայց երբ նույնը պատահում է երեխաների հետ, դա ոչ միայն իրենց կյանքի վրա է ազդեցություն թողնում, այլև վտանգում է իրենց համայնքի և հասարակության ապագան», - հայտնեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Այսօր մեծացող երեխաները չեն կարող սպասել տնտեսական զարգացման ծրագրերի արդյունքներին: Նրանց մարմինը, ուղեղը, կարողությունները և կյանքի հանդեպ երազանքներն այսօր են ձևավորվում, և այսօր նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Թեև հնարավոր չի լինի մի գիշերվա ընթացքում զգալիորեն կրճատել աղքատությունը, բայց հնարավոր է կրճատել աղքատության ազդեցությունը երեխաների վրա խելացի հանրային քաղաքականության միջոցով, ինչպես նաև՝ մասնավոր հատված-հանրություն գործընկերության միջոցով»:
Համաժողովը կտևի երեք օր, որի ընթացքում ելույթներ կհչեն ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Եվրոպայից և ԱՄՆ-ից ժամանած 20-ից ավելի առաջատար փորձագետների կողմից, ինչպես նաև կմասնակցեն տարատեսակ պլենար քննարկումների: