Արմինֆո.Հայաստանը միշտ ձգտել է բանակցային ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման, և հեղափոխությունից, իշխանափոխությունից հետո առաջին շփումներն արդեն հաստատվել են: Այդ մասին <Էխո Մոսկվիի> եթերում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
<Ինչ վերաբերում է բանակցությունների արագացմանը, Հայաստանը միշտ պնդել է հակամարտության քաղաքական կարգավորում: Երկու անգամ արդեն հանդիպել են արտաքին գործերի նախարարները: Ինտենսիվ շփում կա համանախագահների մակարդակով: Եվ երկու երկրների առաջնորդների միջև շփում, ինչպես գիտեք, նույնպես կայացել է Դուշանբեում, ինչի արդյունքում ստեղծվել է օպերատիվ կապ՝ շփման գծում ֆորս-մաժորային իրավիճակների կանխման նպատակով>,- նշել է դիվանագետը:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ցանկացած գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական նախագիծ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, չի կարող արագացվել հենց հիմա՝ քաղաքական այնպիսի մեծ իրադարձությունից առաջ, ինչպես խորհրդարանական ընտրությունները, և հասկանալի է, որ դա տեղի կունենա ընտրություններից հետո: <Կարող եմ ասել, որ կառավարությունը և Փաշինյանը բազմիցս հայտարարել են բանակցությունները վարելու, այդ հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Շփման գծում իրավիճակը՝ մշտական փոխհրաձգություններ և մեր զինծառայողների սպանություններ, ցավոք, լավատեսության տեղ չեն թողնում: Բայց մենք, այնուամենայնիվ, վստահ ենք, որ հակամարտությունը կլուծվի հենց բանակցային ճանապարհով>,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ կողմերի միջև օպերատիվ կապի հաստատումից հետո իրավիճակը շփման գծում քիչ թե շատ հանգիստ է: Անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որ ընտրություններում հաղթանակից հետո Փաշինյանը կկարողանա <մեռյալ կետից> շարժել ղարաբաղյան հակամարտությունը՝ Տողանյանը, մասնավորապես, ասել է. <Կարծում եմ, որ իրականում շատ լուրջ խնդիրների լուծում, որոնք, ցավոք, գոյություն ունեն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորում, հարևանների հետ մեր հարաբերությունների բարելավում և կոռուպցիայի դեմ պայքար, կապում են հենց Փաշինյանի հետ: Ինչի՞ հետ է դա կապված: Հավանաբար, լավատեսության և հավատի, որ նա ազնիվ, կամային մարդ է, պատրաստ է նպատակներ դնել իր առջև և հասնել դրանց>,- ամփոփել է դիվանագետը: