Արմինֆո. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջանային բնույթի էր, նա այցելել է ոչ միայն Հայաստան, այլև` Մոսկվա, Ադրբեջան և Վրաստան: «Էխո Մոսկվիի» եթերից այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը` մեկնաբանելով Բոլթոնի այցը Հայաստան։
Դեսպանը, մասնավորապես, հիշեցրել է, որ ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է` Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին, ուստի Բոլթոնի հետ հանդիպների ընդհանուր համատեքստը եղել է տարածաշրջանային քաղաքականությունն ու անվտանգության քաղաքականությունը, որը հուզում է հայկական կողմին, և հենց այդ հարցերն են քննարկվել: Դեսպանի ասելով, քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելությանը Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Հայաստանի կողմից ամերիկյան սպասազինության հնարավոր ձեռք բերմանը` Տողանյանը փաստել է, որ Բոլթոնի հետ հանդիպման, բանակցությունների ընթացքում հայկական կողմից զենք ձեռք բերելու հարց չի քննարկվել, և դա բանակցությունների թեմա չի եղել։ «Բոլթոնն իր հարցազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից զենքի վաճառքի խոչընդոտները վերացնելու հավանականության մասին: Սակայն, այդուհանդերձ, նման բանակցություններ չեն վարվել: Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է միայն, որ եթե նման առաջարկ լինի, ապա` կքննարկենք: Նա ասել է, որ տեսականորեն կքննարկենք՚, - նշել է Հայաստանի դեսպանը:
Նրա ասելով, առայժմ նման առաջարկություն չի եղել։ Հայ դիվանագետը նաև նշել է, որ զենքի շուկան, մի կողմից, սովորական շուկա է, բայց կան որոշակի ռազմատեխնիկական իրողություններ։ «Այսինքն, մենք այդ բնագավառում շատ սերտ համագործակցում ենք Ռուսաստանի հետ, մեր զինված ուժերը, սպաները սովոր են ռուսական զենքին, սպասարկմանը, և մենք համապատասխան պայմաններ ունենք, Հայաստանը հնարավորություն ունի զենք գնել ներռուսական գներով՚, - ընդգծել է դեսպանը։
Նա նաև հավելել է, որ գոյություն ունի Ռուսաստանի հետ վարկային պայմանագիր, հիշեցնելով, որ անցած տարիների ընթացքում Հայաստանն օգտվել է 200 մլն դոլարի վարկից, այնուհետև բացվել է 100 մլն դոլարի երկրորդ գիծը։