Արմինֆո.Հայաստանում մեկնարկել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը: Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Հրապարակում: ԱՊՀ երկրներից ժամանած մի խումբ երիտասարդներ, որոնցից շատերը շփվել էին համացանցում, այսօր առաջին անգամ հանդիպեցին:
Հրապարակում արդեն իսկ նրանց էր սպասում հարմարավետ ավտոբուսը, որը նրանց տեղափոխեց Դիլիջանի Best Western Paradise Hotel հյուրանոցային համալիրը: Առաջիկա 6 օրերի ընթացքում նրանց առօրյան կազմակերպելու է Երիտասարդ առաջնորդների դպրոցը, որը բացի կարճ ժամանակում հսկայական գիտելիքներ տրամադրելը, հենարան է հանդիսանալու նրանց ապագա առաջխաղացման համար: Այս մասին առավել մանրամասն կխոսենք առաջիկայում: Երիտասարդները տեղավորվեցին հարմարավետ համարներում և ներկա գտնվեցին ԵԱԴ-ի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ նրանց քաջալերող խոսքեր ասացին ՀՀ-ում Բելոռուսիայի դեսպան Իգոր Նազարուկը, ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ խորհրդական Ալեկսեյ Սինեգուբովը, ով ընթերցեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը Երիտասարդ առաջնորդների դպրոցին և Ռուզաննա Ատասունցը, ով գիտակցված առաջնորդության հիմունքների դասավանդման 22 ամյա փորձ ունի և մեզ մոտ է ժամանել ԱՄՆ-ից, Կալիֆորնիայից:
Դպրոցի տնօրեն Գոհար Ղումաշյանն առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ովքեր օգնել էին այս կարևոր նախագծի կայացմանն ու հույս հայտնեց, որ բարձր մակարդակով կազմակերպվող այս միջոցառումը առաջիկայում բազմաթիվ այլ գործընկերներ կունենա, քանզի երիտասարդական ծրագրերի իրականացումն ու այդ երիտասարդների ներկայացրած սոցիալական առաջարկների մասնագիտական մակարդակի ապահովումը շատ կարևոր է այն երկրների հանրության համար, որոնք նրանք ներկայացնում են: