Արմինֆո. Եթե ժողովուրդը ցանկանա, ես չեմ զբաղվի քաղաքականությամբ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանը հավաստիացրել է, որ խորհրդարանում իր ընտրվելը երբեք ինքնանպատակ չի եղել, ուղղակի ցանկանում է օկտակար լինել մարդկանց: Այն հարցին, թե ընդդիմություն կլինի նոր խորհրդարանում, թե, ընդհակառակը, կոալիցիա կստեղծի կառավարող մեծամասնության հետ՝ Ծառուկյանը հայտարարել է. <Ոչինչ նախօրոք չեմ ուզում ասել: Ուզում եմ, որ մեր երկիրը բարգավաճի, որ մեր խնդիրները լուծվեն: Կանեմ այն ամենը, ինչ կցանկանա իմ ժողովուրդը: Եթե ցանկանա, ընդդիմություն կլինեմ: Ծառուկյանը բազմիցս գործով ապացուցել է, որ ժողովրդի կողքին է: Եթե նա ցանկանա, չեմ զբաղվի քաղաքականությամբ>,- ընդգծել է պատգամավորը՝ հավաստիացնելով, որ այժմ անվերապահորեն Փաշինյանի կողքին է:
Ծառուկյանը հայտարարել է, որ ինքն է գլխավորելու ԲՀԿ համամասնական ցուցակն առաջիկա ընտրություններում: <Այո, ես եմ գլխավորելու, այժմ մենք կազմում ենք ցուցակը, ես դեռ մտածում եմ, թե ինչպես այն կազմել, որպեսզի դրանում որոշակի փոփոխություններ լինեն>,- ընդգծել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք նախընտրական ցուցակում կներառվեն Ծառուկյանի գործարար փեսաները, վերջինս հավաստիացրել է. <Նրանք սեփականատերեր են: եթե ժողովուրդը ցանկանա քվեարկել նրանց օգտին, ես կմտածեմ այդ հարցի շուրջ>:
Նա նաև հայտարարել է, որ իր համար միևնույն է, թե որ Ընտրական օրենսգրքով են տեղի ունենալու ընտրությունները: <Այսպես թե այնպես, մենք կմասնակցենք ընտրություններին>,- եզրափակել է Ծառուկյանը: