Արմինֆո.Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը Դիլիջանում կայանալու է ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցը:
ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի կազմակերպիչներն են «Հայ-ռուսական Երիտասարդական Միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպությունը, ՖԳԲՈւ «Երիտասարդական ռեսուրսային կենտրոն»-ը և ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային ծառայությունը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն աջակցությամբ:
Դպրոցի հիմնական նպատակներն են տարբեր երկրների երիտասարդության շրջանում առաջնորդների բացահայտումը և նրանց միջև կապերի ամրապնդումը:
Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցին մասնակցելու է ավելի քան 70 մասնակից ԱՊՀ երկրներից (20-30 տարեկան): Այդ երիտասարդներն ակտիվ դերակատարություն ունեն իրենց երկրների երիտասարդական քաղաքականության ձևավորման գործում: Դպրոցի ծրագրային մենեջերն է Սիլիկոնյան հովտի լիդերության մասնագետ Ռուզաննա Ատասունցը: Սեմինարները վարելու են ԱՊՀ երկրներից հրավիրված արհեստավարժ մասնագետներն, կայացած և հաջողակ ընկերությունների հիմնադիրները, հայտնի գործարարները, որոնք ներկայացնելու են իրենց հաջողության պատմությունները: ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի հիմնական բանախոսներն են Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, UWC Դիլիջան միջազգային դպրոցի տնօրեն Գաբրիել Էռնեստո Աբադ Ֆեռնանդեսը, Վիվասել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ArmTab ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը, Կովկասի ինտիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, «Փյունիկի ՖԱ» սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը և այլք: Դպրոցի գործընկերներն են Հայ-Ռուսական համալսարանը, Ալեքսանդր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, ՀԷՑ-ը, «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը, «Գուրմե Դուրմե» ընկերությունը, «Ռենեսանս» թեյատունը։