Արմինֆո. ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է:
Ինչպես ասվում է Հովհաննես Խուդոյանի հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին, միջնորդությունը ներկայացվել էր, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը՚: «Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել: Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին՚, - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հոկտեմբերի 1-ին հրապարակված ձայնագրությունում քննարկվում է 2008 թվականի մարտի 1-ի գործը և այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման անհրաժեշտությունը: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաղորդել է, որ հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուներն ու կատարողներն արդեն բացահայտվել են. նրանք Հայաստանից են և լայնորեն հայտնի են հասարակայնությանը: Նա նաև ընդգծել է, որ այս փուլում փաստերով նրանց մեղքն ապացուցելը շատ դժվար կլինի, գործնականում` անհնար: