Արմինֆո. Աջ ղեկով ավտոմեքենաների հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում, պարզապես օրենքն արգելում է դրանց ներկրումը Հայաստանի տարածք՝ որպես տրանսպորտային միջոց, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով, հոկտեմբերի 26-ի այդ հարցի շուրջ տեղի են ունենալու քննարկումներ, որոնք շարունակական բնույթ կկրեն: <Այսօր միայն իմացա, որ խմբի ներկայացուցիչները, ովքեր պահանջում են փոփոխություններ մտցնել օրենքում, փոխել են իրենց պահանջը և հիմա առաջարկում են, որպեսզի աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը թույլատրվի և վերջ: Այս առնչությամբ էլ կսկսվեն քննարկումներ>,- նշել է նա: Քննարկմանը կհրավիրվեն պետական կառույցների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այդ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող մարդիկ:
Ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, ավտոմեքենաներ ներմուծողների հետ զրույցի ժամանակ միանշանակ ասել է, որ օրենքն ընդունվել է լայն քննարկումների արդյունքում, որոնց մասնակցել են նաև <Աջ ղեկ> նախաձեռնության ակտիվիստները: Արշակյանը հիշեցրել է, որ ժամանակին օրինագծի շուրջ ակտիվ բանավեճերի մասնակից է եղել՝ հատկապես այն մասով, որում ասվում էր, որ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը տրանսպորտային միջոցն օտարելու իրավունք չունեն:
Նախարարի պաշտոնակատարը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ինչպես վարվեն այն ներմուծողները, որոնց ավտոմեքենաները տվյալ պահին կանգնած են սահմանին: <Օրենքով արգելվում է աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը՝ որպես տրանսպորտային միջոց: Սակայն, կարելի է ներմուծել՝ որպես պահեստամաս>,- պարզաբանել է Արշակյանը:
Նա հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանի երթևեկությունը հարմարեցված ու նախատեսված է ձախակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ Արշակյանը հանդես է գալիս ղեկի դիրքը փոխելու համար մեքենաների սեփականատերերին ժամանակ տալու գաղափարի դեմ, քանի որ բացակայում են հսկողության մեխանիզմները, թե ինչպես է դա արվելու՝ մասնավոր վարպետի, թե՞ լիցենզավորված կազմակերպության կողմից, որը պատասխանատվություն կկրի հնարավոր բացասական հետևանքների համար: