Արմինֆո. Ադրբեջանի ձեռք բերած ամերիկյան ուղղաթիռները քաղաքացիական նշանակության են և չեն կարող կիրառվել ռազմական նպատակներով: Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ամերիկյան ուղղաթիռների ձեռք բերմանն առնչվող հարցը:
«Սպառազինությունների մրցավազքը մշտապես հայկական կողմի օրակարգում է, և մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին կամ անկայունության տարածմանը՚, - ասել է ԱԳՆ մամլո խոսնակը:
Բացի այդ, ինչպես նշել է Նաղդալյանը, հայկական կողմին հավաստիացրել են, որ ամերիկյան ուղղաթիռները ձեռք են բերվում քաղաքացիական նպատակներով օգտագործման համար, արտակարգ իրավիճակների համար և չեն կարող ունենալ ռազմական կիրառություն: Դա վերաբերում է նաև երրորդ երկրների միջոցով սպառազինության գնումներին՚, - ասել է Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի ճեպազրույցում ԱԳՆ նախկին մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով Բաքվում զորահանդեսի ժամանակ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների ցուցադրմանը, կոչ էր արել չհավատալ այն ամենին, ինչ գրում են ԶԼՄ-ները: Նրա ասելով, հայկական կողմը շատ ավելի վաղ էր սկսել այդ հարցի պարզաբանումը և պարզել էր, որ նման ուղղաթիռներ արտադրվում են մի քանի երկրներում` ամերիկյան լիցենզիայով, և դրանք նախատեսված չեն մարտական կիրառության համար: