Արմինֆո.Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապն արդեն հաստատված է, և այն հարկավոր է դիտարկել հաշտության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման համատեքստում: Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամո խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ, ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է: Նրա ասելով, դա կարելի է կապել Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ:
Փաշինյանը նաև տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ: «Կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»,- ամփոփել էր վարչապետի պաշտոնակատարը: