Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, նախօրեին Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը՚:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հայտարարեց իր հրաժարականի մասին: Ժողովրդին հղած իր ուղերձում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ իր հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ճանապարհային քարտեզը հետևյալն է. իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է և Հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ողջ ընթացքում կառավարության անդամները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը, ես շարունակելու եմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորությունները, ասել է թե շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի երաշխավորը ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում՚, - ասվում է վարչապետի ուղերձում: