Արմինֆո.Աշխարհը ֆրանկոֆոնիայի կարիքն ունի: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեն` հոկտեմբերի 11-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում:
Նրա ասելով, գագաթնաժողովը լավ հնարավորություն է բոլոր այն մարտահրավերների վերաբերյալ կարծիքների փոխանակման համար, որոնց բախվում է աշխարհը: Ալեն Բարսեն ընդգծել է, որ դիմակայելով առճակատումներին, անհրաժեշտ է հակամարտող կողմերին հիշեցնել միջազգային արժեքների մասին, և ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ այսօր տեսնում ենք հակառակ միտում, որը պետություններին տանում է դեպի փակուղի և մեկուսացում: Այդ համատեքստում Շվեյցարիայի նախագահն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան այս պահին մեծ արժեք է, քանի որ երկխոսության վիթխարի հնարավորություն է ընձեռում: Ֆրանկոֆոնիայի մյուս յուրահատկությունը, Ալեն Բարսեի համոզմամբ, ֆրանսերեն լեզուն է, որն ընկած է ֆրանկոֆոնիայի արժեքների հիմքում՝ փիլիսոփայական, ընկերական, մշակութային: «Ես ապրում եմ մի երկրում, որտեղ օգտագործում են տարբեր լեզուներ, և ես ամեն օր տեսում եմ, թե ինչ ազդեցություն ունի ֆրանսերեն լեզուն իմ ժողովրդի վրա: Ֆրանսերենը ոչ միայն հաղորդակցության լեզու է, այլեւ մի գործիք, որը կառուցում է միտքը՚, - ասել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահը: Նա կարևորել է նաև ճգնաժամերի համատեղ հաղթահարումը, ժողովրդավարությանն ու խաղաղությանը նպաստելու գործառույթները:
Շվեյցաիայի ղեկավարը կոչ է արել մշակել զարգացման, հումանիտար համագործակցության համատեղ ծրագրեր, որոնց հիմքում ընկած լինի ազատ ընտրությունների, օրենքի գերակայության, քաղաքացիների հավասարության նկատմամբ հարգանքի գաղափարը: Եվ եթե Ֆրանկոֆոնիան կարող է լուծել այդ խնդիրները, դա կլինի մեծ առաջընթաց քայլ, փաստել է Շվեյցարական Համադաշնության ղեկավարը: