Արմինֆո. Հոկտեմբերի 11-ին Երևանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը կլինի հոկտեմբերի 7-ին Հայաստանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի շաբաթի գլխավոր միջոցառումը:
Գագաթնաժողովին մասնակցում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ինչպես նաև գործընկեր և դիտորդ 83 երկրների պատվիրակություններ: Միջոցառմանը մանսակցում են 26 պետությունների ղեկավարներ, 2 փոխնախագահ, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ: Մասնավորապես` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը: Լիակազմ նիստի ընթացքում կկայանա ՖՄԿ նախագահությունը Մադագասկարից Հայաստանին փխանցման արարողությունը` մինչև 2020 թիվը: Տեղի կունենան փակ նիստեր, որոնց ընթացքում ՖՄԿ լիիրավ անդամները կքննարկեն միջազգային օրակարգի հարցեր: Զեկույցով հանդես կգա կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, կհաստատվեն հաջորդ գագաթնաժողովի անցկացման ժամկետն ու վայրը, կամփոփվեն այս նիստի արդյունքները, որոնց մասին կհաղորդվի ամփոփիչ մամուլի ասուլիսում:
Ֆրանկոֆոնիայի շաբաթի գագաթնակետը կլինի այսօր Հանրապետության հրապարակում գալա-համերգը` հանրահայտ երգիչներ Զազի, Մելոդի Գարդոյի, Անժելիկ Քիջոյի, DJ Folamour-ի մանսակցությամբ: Գալա-համերգի եզրափակիչ մասը նվիրված կլինի Շառլ Ազնավուրի հիշատակին:
Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնական փողոցների մեծ մասը փակ է: Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 11-ը և 12-ը հայտարարվել են ոչ աշխատանքային, փոխարենը` աշխատանքային են հայտարարվել հոկտեմբերի 27-ի և նոյեմբերի 3-ի շաբաթ օրերը, ինչը պայմանավորված է ՖՄԿ գագաթնաժողովի օրերին երթևեկության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ: Երեկ կառավարության նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը տեղեկատվություն է ներկայացրել, թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու երթևեկության համար:
Վարչապետը ներողություն է խնդրել հայրենակիցներից պատճառված անհանգստության համար և հորդորել այդ օրերին հնարավորության սահմաններում ավելի քիչ ավտոմեքենայով երթևեկել և օգտվել մետրոպոլիտենից: Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է տալ կոնկրետ հանձնարարական՝ այդ օրերին մարդկային մեծ հոսքը հավուր պատշաճի սպասարկելու համար: «Բազմիցս արձանագրվել է, որ սա մեր երկրի Երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբային իրադարձություն է և առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք պետք է բարձր մակարդակով անցկացնենք այս միջոցառումը», - ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել նաև, որ մեր հայրենակիցները լավ կընդունեն և անհրաժեշտության դեպքում կաջակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր հյուրերին: Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ մայրաքաղաքում անվտանգության մակարդակը բարձր պահելու համար և արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: