Արմինֆո. «Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել ենք տեղեկատվություն այն մասին, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը՚, - հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա ասելով, եղել են քննարկումներ, որոնց արդյունքում կառավարությունը մնացել է իր այն տեսակետին, որ արտահերթ խորհդրարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք եղել է բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ վարչապետ Նիկլո Փաշինյանի հրաժարականից հետո իրենք վարչապետի պաշտոնի համար թեկնածու չեն առաջադրելու, ինչի մասին նախօրեին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, Մելքումյանն ասել է. «Մենք այդ հարցի շուրջ պաշտոնական որոշում չունենք: Տարբեր հարցերի շուրջ խոսակցություն է եղել, բայց որևէ պայմանավորվածություն չի եղել՚: Նա նշել է, թե պայմանավորվել են շարունակել բանակցությունները, քննարկվում է նաև համաձայնագիր ստորագրելու հարցը: Նրա ասելով, վերջնական փոխհամաձայնություն ձեռք չի բերվել, առաջարկվել է կնքել ջենթլմենական համաձայնություն և հավատարիմ մնալ դրան: «Այսինքն` պարտադիր չէ համաձայնագրեր և հուշագրեր ստորագրել, չէ որ գործող կառավարությունը ձևավորվել է առանց հուշագրի՚, - ընդգծել է փոխխոսնակը: Նրա ասելով, իրենք դեմ չեն վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը, այդ հարցում տարաձայնություններն առնչվում են ժամկետին: «Մենք մեր տեսակետին ենք մնում, որ, ինչպես պայմանավորվել ենք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ, մինչև մայիս-հունիս լինեն ընտրությունները», - ասել է Մելքումյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ շենքի մոտ բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել` ի պատասխան ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման, որոնց համաձայն, Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել, ինչը դժվարացնում է խորհրդարանի լուծարման ընթացակարգը: ԱԺ խմբակցությունների հետ բանակցություննրից հետո Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրել է, թե համաձայնություն է ձեռք բերվել, որ իր մոտալուտ հրաժարականից հետո ԱԺ խմբակցություններըւ վարչապետի պաշտոնի համար երկու անգամ անընդմեջ թեկնածու չեն առաջադրելու, ինչը հանգեցնելու է խորհրդարանի ցրման և վաղաժամկետ ընտրությունների: