Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 11-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգի եզրափակիչ հատվածն ամբողջությամբ նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին: Այդ մասին հոկտեմբերի 2-ին մամուլի սուլիսում հայտարարել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
Նա հաղորդել է, որ գալա համերգին նախատեսված էր Ազնավուրի անմիջական մասնակցությունը` իր նվագախմբով: «Քանի որ նա միշտ բեմի վրա է եղել, իրեն այդպես է պատկերացրել, ապա մենք այդ մասը պահպանելու ենք: Այնպիսի լուծումներ ենք գտել, որ Շառլ Ազնավուրի բացակայությունը որևէ կերպ չզգացվի: Համերգի այդ հատվածը շատ ավելի մեծ շեշտադրումներով է արվելու: Մենք ուղիղ շփման մեջ ենք Ելիսեյան պալատի հետ, և չեմ բացառում, որ կլինեն նաև աշխարհահռչակ աստղեր, որ կցանկանան իրենց մասնակցությունը բերել՚, - հաղորդել է Վ.Մելիքյանը, հավելելով, որ այս պահի դրությամբ նախատեսվում է աֆրիկյան երգչուհի Անժելիկ Քիջոյի, ֆրանսիական երգչուհի Զազի և այլոց ելույթները: Մելիքյանի ասելով, այժմ աշխատանք է տարվում միջոցառման շեշտադրումների փոփոխման ուղղությամբ, և ծրագրի վերջնական հաստատումից կտրամադրվի տեղեկատվություն:
Ավելի վաղ Europe1-ը հաղորդել էր, որ Ելիսեյան պալատը քննարկում է հոկտեմբերին Երևանում միջոցառում կազմակերպելու հնարավորությունը, որի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի Ազնավուրի հիշատակին: Միջոցառումը կարող է զուգադիպել հոկտեմբերի 11-12-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացմանը, որին ժամանելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: