Արմինֆո. Նախօրեին տեղի է ունեցել ԱԺ արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը` ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
«Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է սկսել բանակցային գործընթաց՚, - հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Փաշինյանը, հավելելով, որ պետք չէ մտածել, թե մեկ հանդիպման ընթացքում հնարավոր էր որոշում կայացնել:
Վարչապետը կարծում է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ՝ երկու-երեք ամսվա ընթացքում: Անդրադառնալով այն մտավախություններին, թե այդ դեպքում «Իմ քայլը՚ կարող է հավաքել ձայների 80 տոկոսը, Փաշինյանը նշել է, որ այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորների մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր: «Այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կլինի մեծամասնություն, որը կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս հավաքի՝ բոնուսով լինելու է ԱԺ մեկ երրորդի չափով և ունենալու է երաշխիքներ՚, - ասել է վարչապետը: Ընդ որում, ինչպես նշել է Փաշինյանը, այսօր գործող կարգավորումները երաշխավորում են, որ ԱԺ մեկ երրորդը պետք է ընդդիմադիր լինի, դա նշանակում է՝ 31 հոգի ընդդիմադիր պետք է լինի: Այս պահին Հանրապետականները, ըստ էության, մեծ հաշվով, հրապարակայնորեն հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին պետք է տեղի ունենան, ինչը, վարչապետի համոզմամբ, ոչ կառուցողական մոտեցում է: Նա նշել է, որ թիվ մեկ հարցը խորհրդարանական ընտրություններն են, առանց այդ հարցի լուծման ուրիշ ոչ մի հարց երկրում չի լուծվի: «Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է, որ ցանկանում է՝ ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ, ինչը ճիշտ մոտեցում չէ՚,- հայտարարել է Փաշինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է տեսնում պայմանավորվածությունը ՀՀԿ և մյուս քաղաքական ուժերի հետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա երկու տարբերակ: «Մեկն այն է, որ սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է, որ համաձայնություն ենք ստորագրում, որ վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, և տեղի
են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ՚, - ասել է վարչապետը, հավելելով, որ երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու
ռիսկերը: Կառավարության ղեկավարի հավաստմամբ, ինքը մտադիր է հանդիպումներ անցկացնել ԱԺ խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական ուժերի հետ, ինչից հետո կրկին կհանդիպի ՀՀԿ ներկայացուցիչների հետ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, իր հերթին, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, հայտարարել է, թե «փողոցը չի ձևավորում խորհրդարան՚: Նրա ասելով, երկրին անհրաժեշտ է լիարժեք քաղաքական խորհրդարան, որտեղ կա իշխանություններին արժանի ընդդիմություն: Նրա ասելով, էյֆորիայի ալիքի վրա չի կարելի խորհրդարան ձևավորել, և դրա համար անհրաժեշտ է ժամանակ: Նրա համոզմամբ, չի կարելի ղեկավարվել այն հանգամանքով, թե ում է դա ձեռնտու, և եթե տվյալ պահին ինչ-որ քաղաքական ուժի ձեռնտու են արտահերթ ընտրությունները, դա դեռ չի նշանակում, թե դրանք անհրաժեշտ են: «Անհրաժեշտ է ձևավորել խորհրդարան, որն իրոք արտացոլի քաղաքական ուժերի դասավորությունը՚, - հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ՀՀԿ ներկայացուցչի կարծիքով, անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի քաղաքական ուժերը նախապատրաստվեն, իսկ վարչապետն աշխատի, որպեսզի հասարակությունը կարողանա ճիշտ գնահատել: Նա հաղորդել է, որ վարչապետի հետ բանակցություններն ավարտված չեն և կվերսկսվեն մյուս քաղաքական ուժերի հետ Փաշինյանի բանակցություններից հետո, սակայն գործընթացի մեկնարկը նա համարել է հաջող: Ընդ որում, Բաղդասարյանը հերքել է այն տեղեկատվությունը, թե Փաշինյանի հետ հանդիպմանը պնդել է ընտրութնմյունների անցկացումը 2022 թվականին: