Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
Նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս միացել է այդ հանդիպումներին, ինչպես նաև հանդիպումներ են անցկացվել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի և ԵԱՀԿ-ում իտալական նախագահության ներկայացուցչի հետ:
<Նախարարները շարունակել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Համանախագահները և նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և դիմել պարզաբանումների համար՝ կապված վերջին շրջանում մտահոգություն հարուցող մի քանի հայտարարությունների և միջադեպերի հետ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող մահվան դեպքերի առնչությամբ և նախազգուշացրել նախարարներին լարվածության սրման վտանգների մասին՝ կոչ անելով կողմերին մասնակցել կառուցողական մթնոլորտի ձևավորմանը և խուսափել հռետորաբանությունից, որը կարող է սրել իրավիճակը: Համանախագահները ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի զիջումներ բոլոր կողմերից>,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱԳ նախարարները հաստատել են բանակցային գործընթացի ակտիվացմանը և լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը, ինչպես նաև պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպում անցկացնել մինչև տարեվերջ: Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, իսկ հետո բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին: