Արմինֆո. Ադրբեջանը, շարունակելով զինվել, պոտենցյալ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքին:
Մենք խնդիր ենք համարում ցանկացած երկրի կողմից սպառազինության վաճառքն այնպիսի անկանխատեսելի երկրի, ինչպես Ադրբեջանը: Ադրբեջանն ապացուցել է, որ անկանխատեսելի է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը $5 մլրդ գումարի զենք է գնել Ռուսաստանից, և այդ թիվը աճելու է: Նա նշել էր, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մեծ ավանդույթներ ունի: Ալիևն ընդգծել է, որ $5 մլրդ գումարը կշարունակի աճել, քանի որ Ադրբեջանն արդիականացնում է բանակը, իսկ Ռուսաստանը միջազգային շուկաներ ռազմական արտադրանքի մատակարար և կարևորագույն համաշխարհային արտադրող է: