Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, և ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետևյալն է, որ մարտի 1-ին և դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը և անաչառությունը որևէ կասկած չի թողնում:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նախօրեին Նյու Յորքում ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաև ՄԻԵԴ դատավճռով»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի՝ այս անգամ 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացի Մուշեղ Սաղաթելյանը 5 տարի ազատազրկման է դատապարտվել իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու և ապօրինի զենք պահելու համար: ՄԻԵԴ վճռում, մասնավորապես, նշվում է, որ քննչական միջոցառումներ իրականացնելիս Սաղաթելյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, չեն պահպանվել նրա օրինական իրավունքներն ու ազատությունները, իսկ նրա կալանավորումն անօրինական է եղել: Հաշվի առնելով դա՝ դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Սաղաթելյանին վճարել 15.600 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։