Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ իրավիճակը կազմակերպության գործունեության վրա բացասական ազդեցություն չի ունեցել: Այդ մասին սեպտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Խաչատուրովի շուրջ իրավիճակն ազդել է կազմակերպության գործունեության վրա և ինչով է ամեն բան ավարտվել՝ Սիդորովը, մասնավորապես, ասել է. <Ես լիազորված չեմ մեկնաբանություններ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ: Այդ մասին բազմիցս, այդ թվում՝ տարբեր լրատվամիջոցներով, ասվել է: Հարցը լուծվում է՝ կազմակերպությունում սահմանված կանոնակարգի համաձայն: Թե ինչպես այն կլուծվի, ՀԱՊԿ պետությունների ղեկավարների իրավասությունում է: Բայց զորավարժությունների անցկացման վրա իրավիճակը ոչ մի կերպ չի անդրադարձել, որևէ բացասական ազդեցություն մեր ծրագրերի վրա չկա>:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը: