Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմացած չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության առնչությամբ, որ ինքը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների համար: Երկրորդ նախագահն այդ մասին հայտարարել է Yerevan.Todayի հետ հարցազրույցում:
«Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով: Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը: Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան, և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի արտյաններում, մոնիտորինգային խմբում՚, - ասել է երկրորդ նախագահը:
Նա հավելել է, որ ինքն այսօր ազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Վերաքննիչ դատարանի իր գործը լսող դատավորն ամբողջ դատական համակրագում իբրև անկաշառ և սկզբունքային մարդու համբավ ունի: «Պատճառը միայն դա է: Ի դեպ՝ այս մթնոլորտում և այսպիսի ճնշումների տակ, դատավորը պետք է ներքին ուժ ունենա դիմադրելու համար և դժվար է բոլոր դատավորներից պահանջել նման կարգի խիզախություն: Վերջը դատավորը, դատական ծառայությունը ... Դատավորը ռազմական սպա չէ, որ իրենից անձնական խիզախություն պահանջենք առաջին գծում կամ մարտի ժամանակ, դատավորներին օրենքը պետք է պաշտպանի բոլոր կարգի ճնշումներից, ինչն այսօր մենք տեսնում ենք, որ չի աշխատում Հայաստանում: Հետաքրքիր արտահայտություն էր, հիմա չեմ հիշում ինչպես արտահայտվեց ԱԱԾ-ի տնօրենը, փակեք բոլոր ... ամեն գնով, թե ինչ որ էդպիսի բան ասեց, չէ՞...՚
Անդրադառնալով երկրում առկա իրավիճակին` Քոչարյանն ասել է. «Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մտածող մասը, վերլուծող մասը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում Հայաստանում այսօր և ինչ վտանգներ կարող են բխել այս կարգի քաղաքականությունից, այս կարգի մոտեցումներից: Ամենից վտանգավորը գիտե՞ք ինչն է. որ այս քաղաքականությամբ իրենք ներքաշում են ապօրինությունների մեջ բավական մեծ զանգվածներ: Օրինակ՝ այս կեղծարարության վրա և ստի վրա ստեղծված քրեական գործերը, քրեական գործը կոնկրետ իմ նկատմամբ. այդ գործի մեջ ներքաշված են բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ այլ մարդիկ, ներքաշում են բազմաթիվ պետական ծառայողների: Իմ հորդորը նա է, որ մարդիկ չգայթակղվեն այս իրավիճակից, չանեն քայլեր, որոնց համար պատասխան են տալու ինչ-որ ժամանակ անց, և ես կարծում եմ՝ ոչ հեռու ժամանակներում, այլ բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու: Դրա համար պետք է ուղղակի լինել ճշգրիտ օրենքների շրջանակներում, չկատարել հանձնարարականներ, որոնց համար ինչ-որ ժամանակ հետո ստիպված ես լինելու պատասխան տալ օրենքի առաջ: Դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև այդ ղեկավարները մի կողմ են քաշվելու, ասելու են՝ մենք կապ չունենք, որովհետև օրենքով իրականում կապ չունեն: Վատ իրավիճակ է, կրկնեմ, և սա այն իրավիճակն է, որտեղ իշխանությունը փորձում է գերբևեռացման վրա տեսնել իր հաջողությունը, ոչ թե մերձեցման, այլ գերբևեռացման վրա: Իսկ սա վտանգավոր է ուղղակի, ուղղակի վտանգավոր է: Չեմ կարծում, որ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են գնալ նման կարգի քայլերի, սա ուղղակի անընդունելի է: Ողջամտության կոչ պետք է անենք, և մեր մտավորականությունը, մեր լրագրողները, մեր մամուլը պետք է կանգնեցի և պետք է ցույց տա, որ սա անընդունելի քաղաքականություն է, և պետք է վերջ տանք սրան՚, - ասել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ