Արմինֆո.Կարծում եմ, որ այն հարցերը, որոնք բարձրացնում են գործարարները, շատ լուրջ ուսումնասիրություն են պահանջում, և կառավարությունը պետք է հստակ պատասխաններ տա դրանց: Այդ մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ռուսատանաբնակ հայազգի գործարարների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը և կառավարության հասցեին նրանց արած դիտողություններին:
<Պետք է մեծ ուշադրույթուն դարձնել վերջիններիս բարձրացրած հարցերին ու խնդիրներին: Մենք պետք է լուծենք այդ հարցերը, որպեսզի ներդրողները գոհ լինեն առաջարկվող պայմաններից և վստահ լինեն ներդրված միջոցների վերադարձելիության հարցում: Դա շատ կարևոր է նաև մեր տնտեսության համար: Հարցերը, որոնք չեն լուծվել, պետք է վերջապես լուծում ստանան>,- ընդգծել է Ռուստամյանը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին: Գործարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին, ընդգծել է, որ բիզնեսը կայունություն և կանխատեսելիություն է սիրում: Վարդանյանը կարևորել է նաև պետության և բիզնեսի միջև երկխոսությունը՝ ընդգծելով, որ բիզնեսի հետ ցանկալի է խոսել թվերի լեզվով: Գործարարը բարձրացրել է նաև երկու տարի առաջ իր և գործընկերների կողմից Հայաստանում հիմնադրված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փակման հարցը: Ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է Վարդանյանին ներկայացնել այդ կենտրոնի երկու տարվա գործունեության արդյունքները: