Արմինֆո. «Ռուսական երկաթուղիների՚ դուստր կազմակերպություն «Հարավկովկասյան երկաթուղիներ՚ ՓԲԸ-ում ( ՀԿԵ) հայտնաբերվել են 60 մլն դոլարի չարաշահումներ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Կոմերսանտի» հետ հարցազրույցում:
Նրա ասելով, ավելի վաղ Հայաստանի իշխանությունների կողմից ընկերության նկատմամբ հայտարարված հարկային պահանջի 19 հազար դոլար գումարն իրականությանը չի համապատասխանում: «Դա այդպես չէ: Իմ տեղեկություններով՝ այնտեղ նախնական եղել է 60 մլն դոլարի չարաշահում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ պահանջի գումարը չէր հրապարակվել, քանի որ իրավապահ մարմինները հետաքննում են իրավիճակը, և առաջիկայում կհրապարակվի պաշտոնական տեղեկատվություն: Այդուհանդերձ, վարչապետը փաստել է, որ իր խոսքերը կարելի է համարել պաշտոնական տեղեկատվություն:
Վարչապետը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որ երկրի քաղաքացիներն են խախտումներ իրականացրել: «Դա չեմ կարող ասել, դա քննության խնդիրն է: Կլինի քննություն: Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում Ռուսաստանի նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք՚, - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը: «Ես Ռուսաստանի նախագահին պատմել եմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել: Կարող եմ ասել, որ այդ հարցում ես, Հայաստանի կառավարությունն ունենք Ռուսաստանի նախագահի լիակատար աջակցությունը: Մենք կհամագործակցենք այդ ոլորտում, նաև այլ ոլորտներում, որպեսզի Հայաստանում աշխատող ռուսական ընկերություններում չարաշահումներ չլինեն: Մենք պայմանավորվել ենք, որ այն, ինչ վերաբերում է օրինականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն՚, - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին անցկացրել ՀԿԵ-ում: 2008 թվականի պայմանագրով Հայաստանի երկաթուղիների կառավարումը հանձնվել է ՀԿԵ-ին, որը պատկանում է «Ռուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ին: