Արմինֆո. Ընտրակաշառքի համար պատիժը խստացնող օրինագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից:
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ այդ օրինագիծը թննադատության էր ենթարկվել <Հայաստանի հանրապետական կուսակցություն> խմբակցության և <Ծառուկյան դաշինքի> կողմից: Խմբակցությունների ներկայացուցիչները նշել էին, որ կառավարությունը պետք է շտկումներ կատարի օրինագծում: Պատգամավորները հայտարարել էին, որ օրինագծում շատ են անհասկանալի արտահայտությունները և որոշ դրույթներ հակասում են քրեական իրավունքի բուն էությանը:
Օրինագծի համաձայն՝ առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.10 հոդվածով նախատեսված արարքները, որը վերաբերում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալուն, ծառայություններ մատուցելուն կամ խոստանալուն: Նշված հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում է համարվում նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը, խոստանալը: Նախագծով առաջարկվում է այս արարքները քրեականացնել եւ դրանց կատարման համար սահմանել 3-6 տարի ազատազրկում՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը: