Արմինֆո. «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված Երևանի ավագանում առաջիկա ընտրությունների հետ:
Ինչպես տեղեկացրել է կուսակցության մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, որպեսզի ընտրություններն անցնեն դրական միջավայրում՝ սիրո և համերաշխության հեղափոխության ոգուն ու Նոր Հայաստանի մասին ՀՀ քաղաքացիների՝ հատկապես երևանցիների պատկերացումներին հարիր»:
Կուսակցությունը կոչ է անում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ցուցակները գլխավորող անձանց՝ այս չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական և ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում (հասցե՝ Երզնկյան 75, Երևան) և հրապարակավ՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ, ասված է հայտարարության մեջ: