Արմինֆո. Ճապոնիան կարևորում է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունները: Սեպտեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն: Նրա ասելով, հայ պաշտոնակցի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, որոնցից մեկը կադրերի վերապատրաստումն է: «Ճապոնիան նաև որոշել է ազատականացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը: Բացի այդ, մենք մտադիր ենք աջակցել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը նպատակաուղղված միջազգային ջանքերին: Տնտեսական փոխգործակցության տեսանկյունից, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և նորարարության ոլորտները առաջնային կլինեն մեր համագործակցությունում: Փետրվարին մենք արդեն ստորագրել ենք ներդրումային պայմանագիր (ազատականացման, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության շուրջ- խմբ)՚, - նշել է Ճապոնիայի արտգործնախարարը:
Նա ընդսմին նշել է, որ Ճապոնիան կարևորում է կայունության և անվտանգության հաստատումը Հարավային Կովկասում: Կոնոն նաև անդրադարձել է Հյուսիսային Կորեային առնչվող իրավիճակին և ընդգծել ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի իրագործման կարևորությունը: