Արմինֆո. Թավշյա հեղափոխությունը և այդ ողջ գործընթացը բացասաբար չի ազդել Հայաստանի տնտեսության վրա, այլ հակառակը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականին բարձր է, իսկ միտումները դրական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, ներկայացնելով ակումբի կողմից իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք ամփոփում են 2018 թվականի առաջին կիսամյակը:
Նրա խոսքով, հայ հավաքական գիտակցությունը բերեց նրան, որ թավշյա հեղափոխության ողջ ընթացքում չոչնչացվեցին նյութական արժեքներ, չկործանվեցին ենթակառուցվածքներ, ինչն էլ ապահովեց էական աճ: Բանախոսը նշեց, որ ուսումնասիրելով առկա իրավիճակը կարելի է փաստել, որ գործ ունենք երեք ունիկալ երևույթի հետ.
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չի ազդել հանրապետության տնտեսական զարգացման աճի միտումների վրա, այն եղել է շարունակական և հատկապես երկրորդ եռամսյակում ցույց է տվել բավական դրական և հուսադրող միտումներ: Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերելքի ճանապարհին և 2018 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները հստակ ուրվագծում են այն բոլոր ոլորտները, որոնք լուրջ աջակցության կարիք ունեն և կարող են ցույց տալ էական առաջադիմություն: Եվ երրորդ՝ Հայաստանի զարգացումների դրական միտումների պահպանման դեպքում կարող է արձանագրվել ոչ միայն կանխատեսված, այլև կանխատեսվածից շատ ավելի բարձր ՀՆԱ-ի աճի միտումներ և գործարար ակտիվության ավելի բարձր տոկոսներ»:
Սաֆարյանը թվարկել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2018-ի առաջին կիսամյակում աճ է արձանագրվել արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, սպասարկման ոլորտներում, իսկ միայն առևտուրը, առանց սպասարկման ոլորտի, 9 տոկոսի աճ է արձանագրել: Ուրախալի է այն հանգամանքը, որ 99 մլրդ.դրամով մեծացել է հայկական բանկերի պորտֆելը՝ ՀՀ բնակչությունը բանկերից 205 մլն դոլարով ավելի վարկեր է վերցրել: Իսկ սա խոսում է այն մասին, որ երկրում վստահության աճ կա քաղաքական և բանկային համակարգի նկատմամբ: Բավականին հուսադրող է նաև զբոսաշրջության ոլորտի ցուցանիշը՝ միայն 14 տոկոսով աճել է արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը, մինչև 1.5 միլիոն: Եվ սա միայն առաջին կիասմյակի ցուցանիշներն են, այնպես որ, նշել է Սաֆարյանը, հետագա ամիսների համար կարելի է բավականին դրական սպասումներ ունենալ:
Նշելով, որ դեպի Ռուսաստան արտահանման ցուցանիշները շարունակական աճ են արձանագրում, Սաֆարյանը շեշտել է, որ երկու երկրների իշխանությունները, վերլուծական շրջանակներն ու գործարարներն ունեն լրջագույն անելիք Ռուսաստանի հետ տնտեսական նոր իրավիճակին համապատասխան հարաբերություններ զարգացնելու, խորացնելու և ամրապնդելու առումով: Առավել ևս, որ հստակ ուրվագծված են այն ուղղությունները, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի և Ռուսաստանի ներդրողներին և արդյունաբերողներին համագործակցելու:
«Օգոստոսին ՌԴ-ում 9 տոկոսով արժեզրկվեց ռուսական ռուբլին և բազմաթիվ կանխատեսողներ ի հայտ եկան, որոնք գուժում են Հայաստանի տնտեսության փլուզում այդ իրողության պայմաններում: Բայց ճշմարտությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները միայն ուժեղացնում են երկրի տնտեսությունը՝ ստիպելով նրան լրջորեն մտածել ներկրումը սեփական արտադրությամբ փոխարինելու և արտերկրից կախվածությունը սեփական միջոցներով ու ծառայություններով նվազեցնելու մասին: Սա սկզբունքորեն նշանակում է, որ մեր տնտեսական համագործակցության համար բացվում են կայուն զարգացման հնարավորություններ: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն պետք է մտածեն այն մասին, որ օգտագործեն այս հնարավորությունները ՀՀ տնտեսական օգուտին և շահերին ծառայեցնելու համար»,- ընդգծել է նա:
Արամ Սաֆարյան հավելել է, որ կարևոր է, որպեսզի Հայաստանում ժողովրդական կապիտալիզմը զարգանա, ինչը նշանակում է ավելի շատ ներդրումներ, ավելի մեծ վստահություն ժողովրդի և իշխանության մեխանիզմների նկատմամբ:
«Մեր տնտեսագետները լավատեսորեն են գնահատում են տնտեսական զարգացումը մեկ տարվա ընթացքում: Հայկական դրամի կայունությունը հաջողվեց պահպանել նույնիսկ օգոստոսին ռուսական ռուբլու, թուրքական լիրի և իրանական ռիալի փլուզման պայմաններում: Նույնիսկ օգոստոսին և սեպտեմբերին ռուսական տնտեսության որոշակի դժվարությունների պայմաններում բանկային համակարգը մնաց կայուն և սկզբունքայնորեն կանխատեսելի Մեր տնտեսագետները համոզված են, որ բարենպաստ միտումների խորացման պայմաններում մենք կարող ենք Հայաստանում ակնկալել ՀՆԱ-ի ոչ միայն 6%, այլեւ 7-8% աճ», - եզրակացրել է Սաֆարյանը: