Արմինֆո. Երբ իշխանությունը շատ է շեշտում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է, նշանակում է դրանցում խնդիրներ կան։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, անդրադառնալով երկու երկրների միջպետական հարաբերությունների ներկա վիճակին, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ հակառակ դեպքում չպիտի նույնիսկ կարիք առաջանար դրա մասին այդքան հաճախակի խոսելու։
«Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանըե,– ասել է Քոչարյանը։
Առկա իրավիճակում, երբ տարածաշրջանում Հայաստանին բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է կիրառում, իսկ հակառակորդ երկրներն ավելի անկանխատեսելի են դառնում, Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր դաշնակիցներին։
«Կարող է մեծ գայթակղություն լինել այս վիճակում, այսպես ասենք`«խաղեր տալե, փորձել «թռնելե նախկինում ձևավորված հարաբերություններից, փորձել ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձևավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը` նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ, և փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվումե,– ասել է նա։
ՀՀ երկրորդ նախագահը նաև տարակուսած է, թե ինչու է Հայաստանը նման բարձր մակարդակով մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթաժողովին։ Նրա դիտարկմամբ` միանշանակ ՆԱՏՕ–ի հետ համագործակցել անհրաժեշտ է, բայց ոչ այդ մակարդակով, հատկապես այն ժամանակ, երբ ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են։
«Միայն ՆԱՏՕ–ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել և դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է,– անդրադառնալով ՀՀ նոր իշխանությունների պատվիրակության ՆԱՏՕ–ի գագաթաժողովի այցին` ասել է Քոչարյանը,– լավ եմ գնահատում այն հանգամանքը, որ սկսեցին վերջապես դրա մասին հասկանալ և փորձեցին շտկել այն սխալները, որոնք արդեն արվել ենե։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ այսօրվա իշխանությունները երկար տարիներ հանդես են եկել Ռուսաստանի դեմ, հանդես են եկել տարածաշրջանում Ռուսաստանի շահերին հակասող ծրագրերով, և դժվար է պատկերացնել, որ դրանք մեկ օրում կարելի է փոխել։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, տարածաշրջանում այն անվտանգության տեսանկյունից ամենամեծ հնարավորություններ ունեցող երկիրն է, որի հետ հարաբերությունների ներկա մակարդակի փոփոխությունը Հայաստանի համար կարող է վտանգավոր լինել։
«Վստահության կորուստը միջպետական հարաբերություններում շատ թանկ կնստի երկրի վրա, և շատ երկար ժամանակ կպահանջվի այդ վստահությունը վերականգնելու համար։ Սա ես ասում եմ որպես մարդ, ով այս ամեն ինչով անցել էե,– ասել է Քոչարյանը։
Իսկ ԵԱՏՄ–ն, նախկին նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար շատ մեծ շուկա է, որում հաջողված լինելու համար Հայաստանը ոչ միայն պետք է լավ հարաբերություններ ունենա այլ երկրների հետ, այլև ներսում այնպիսի տնտեսական քաղաքականություն վարի, որ իր արտադրանքը մրցունակ լինի։
«Հսկայական հնարավորություններն իրենց մեջ նաև ռիսկեր են կրում, եթե դու արդյունավետ չես, եթե լավ չես ձևակերպել քո տնտեսական քաղաքականության հիմնական թիրախները, որոնք պետք է ուղղված լինեն այդ շուկայում լուրջ տեղ զբաղեցնելունե,– ասել է Քոչարյանը։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ՀՀ նոր իշխանությունն առ այսօր այդ ուղղությամբ հստակ տնտեսական քաղաքականություն դեռ չի իրականացրել։
Անդրադառնալով իր նկատմամբ քրեական գործին՝ Քոչարյանն ասել է, որ այդ գործը որևէ կապ չունի 2008թ.–ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ «Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, որպեսզի թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործե,– ասել է Քոչարյանը։
«10 տարի առաջ, մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, իրենց լոզունգներով և քայլերով, ըստ էության, փորձել են տապալել սահմանադրական կարգը, այսօր փորձում են վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։ Սա է գործի ամբողջ էությունը և այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջև։ Պետք է ընդամենը հրաժարվել այդ մոտեցումիցե,– ասել է ՀՀ 2–րդ նախագահը։
Իսկ Մարտի 1-ի գործը, նրա համոզմամբ, պետք է քննվի իրական մեղավորներին գտնելու տրամաբանությամբ։ «Պետք է փորձել գտնել մարդկանց, որոնք կրակել են և կրակել են ոչ միայն քաղաքացիների վրա, այլև այն մարդկանց, որոնք կրակել և սպանել են երկու ոստիկանի։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել քրեական գործի ամբողջական բացահայտման մասին։ Իսկ տվյալ դեպքում այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, և ես այն որակում եմ միայն որպես քաղաքական վենդետա>,- եզրափակել է նա: