Արմինֆո. Երևանում հանդիսավորությամբ նշվեց Աստանայի 20-ամյակը:
«20 տարի է անցել այն հիշարժան օրից, երբ հայտնի է դարձավ նոր մայրաքաղաքը` Աստանան: Անցած տարիների ընթացքում նոր մայրաքաղաքն արմատապես փոխել է ոչ միայն իր արտաքին տեսքը, այլև փոխել է ամբողջ Ղազախստանը», - ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը Աստանայի 20-ամյակի կապակցությամբ Ղազախստանի դեսպանատանը կազմակերպված պաշտոնական ընդունելության ընթացքում:
Դեսպանը նաև շնորհավորել է հայ ժողովրդին` Երևանի 2800-ամյակի կապակցությամբ և ընդգծել երկկողմ հարաբերությունների կարևորությունը Ղազախստանի և Հայաստանի միջև: «Ղազախստանի օրացույցում նշվել են ևս երկու կարևոր ամսաթվեր`Ղազախստանի Սահմանադրության օրը (30 օգոստոսի) և Միջուկային փորձարկումների դեմ միջազգային օրը (29 օգոստոսի): Վերջինը ստեղծվել է մեր նախագահի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, 2009 թվականին: Համաշխարհային հանրության կողմից Ղազախստանի նշանակության ճանաչումը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման ոլորտում, երիտասարդ մայրաքաղաքի հայտնվելն աշխարհի քաղաքական քարտեզի վրա, Հիմնական օրենքի ընդունումը, այս ամենը մարմնավորում է մեր պետության ղեկավարի գաղափարները, ինչպես նաև ղազախստանցիների ամենօրյա աշխատանքները», - ասել է դեսպանը:
Մինչդեռ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ Աստանան գտնվում է Եվրասիայի կենտրոնում, դարձել Արևելքի և Արևմուտքի, տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների խթանման, ինտեգրման վայր:
Հանդիսավոր արարողության ժամանակ դեսպանը նաև շնորհակալական նամակ հանձնեց լուսանկարիչ Դավիթ Հակոբյանին, Ղազախստանի նախագահի օրիգինալ լուսանկարի համար, որը նա արել էր անցյալ աշնանը, Սոչիում: Բացի այդ, արարողության հյուրերին տրամադրվեցին Աստանայի տեսարաններով լուսանկարներ, Ղազախստանի ֆոտոալբոմներ, ինչպես նաև ցուցադրվեց վավերագրական ֆիլմ երիտասարդ մայրաքաղաքի մասին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահականի, Անվտանգության խորհրդի, կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ: