Արմինֆո. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան է վերադարձել՝ հույսով, որ <դատաիրավական համակարգն այդքան էլ գործադիր իշխանության ճնշման տակ չէ>: Այդ մասին НТВ հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
<Ես Հունաստանում էի, վերադարձա՝ հստակ հասկանալով, որ կարող եմ կալանավորվել։ Բացարձակապես ակնհայտ է, որ, այսպես ասած, իմ տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում։ Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ հույս կար, որ դատաիրավական համակարգն այդքան էլ գործադիր իշխանության ճնշման տակ չէ, և դատարանների ինքնուրույնության թեկուզ ինչ-որ աստիճան դեռևս գոյություն ունի։ Ես եկա իմ պատվի և արժանապատվության համար պայքարելու>,- հայտարարել է Քոչարյանը:
Նրա խոսքով, իր դեմ քրեական գործը <կարված է սպիտակ թելերով>: <Անձեռնմխելիությունը պաշտպանական գծի ընդամենը մի փոքր մասն է։ Ես այստեղ վերադարձա իմ արժանապատվությունը պաշտպանելու ոչ միայն այն պատճառով, որ անձեռնմխելիություն ունեմ, այլև որովհետև ողջ քրեական գործը պարզապես կարված է սպիտակ թելերով։ Այնտեղ ընդհանրապես քրեական գործ չկա>,- հայտարարել է երկրորդ նախագահը: Ըստ որում, նա նշել է, որ իր պնդումը հիմնված է այն բանի վրա, որ ծանոթ է քրեական գործին, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով՝ չի կարող այժմ մանրամասների մասին խոսել:
<Ինձ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։ Պատկերացնո՞ւմ եք։ Նախագահը՝ որպես սահմանադրության երաշխավոր, որը զբաղեցնում է այդ պաշտոնը, պարզվում է, տապալել է ինքն իրեն: Նրանք
շուտափույթ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ բանաձև գտնել։Դա վկայում է այն մասին, որ խոսք ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է։ Ինչո՞ւ հանկարծ 10 տարի հանգիստ ապրելուց հետո ես թիրախ դարձա: 10 տարի առաջ մեզ մոտ ընտրություններ էին, և ինձ մնում էր ընդամենը մեկուկես ամիս իմ երկրորդ ժամկետի ավարտին: Եղան ընտրություններ, որոնք ավարտվեցին առաջին փուլով, և ընտրություններում հաղթեց Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ձայների 53 տոկոս: Երկրորդ տեղում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ ձայների 21,5 տոկոսով։ Ձայների 21.5 տոսկոս հավաքած թեկնածուն իրեն ընտրված նախագահ հռչակեց, հրապարակավ հայտարարեց, որ ինքը հավաքել է ձայների մոտ 60 տոկոս և Երևանի կենտրոնում ամենօրյա բողոքի ակցիաներ սկսեց։ Հանրահավաքները արտոնված չէին, իսկ կարգախոսները հետևյալն էին՝ <մենք պետք է կազմաքանդենք պետական իշխանությունը>։
Այնուհետև բանակին, ուժային կառույցներին գործընթացին ներգրավելու փորձեր, կոչեր եղան։ Այդ ամենը բավականին երկար շարունակվեց՝ 7 օր։ Այդ իրադարձությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրինական ճանաչեց ընտրությունների արդյունքները, հետո Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը։ Միջազգային դիտորդների եզրակացությունը դրական էր, այդ թվում՝ ԵԱՀԿ, Եվրախորհրդի դիտորդների: Ընտրական ողջ ցիկլը բավական հաջող էր ավարտվել, սակայն այս ամենն ավարտվեց ցուցարարների և ոստիկանների բախումով, ինչի հետևանքով 10 մարդ մահացավ, նրանցից երկուսը՝ ոստիկաններ։ 10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, ովքեր դատապարտվել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։ Այդ պատճառով ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին։ Եվ այսօր նրանց բոլոր մտքերը զբաղված են այն բանով, թե ինչպես հաշվեհարդար տեսնեն այն մարդկանց հետ, ում նրանք թշնամի են համարում>,- ասել է Քոչարյանը:
Այդպիսով, ինչպես գտնում է Քոչարյանը, քրեական գործ հարուցելու համար որևէ հիմնավորում չկա: <Ես նախագահ էի, և չեմ հասկանում՝ ինչպես ես կարող էի տապալել սահմանադրական կարգը՝ լինելով նախագահ, ով մեկ ամիս անց պետք է հեռանա>: -