Արմինֆո.Հայաստանում անցումային արդարադատության ներդրումը չի հակասի Սահմանադրությանը: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով նախարարության 100 օրվա աշխատանքը:
Նախարարը նշել է, որ անցումային արդարադատության ոլորտում իրենք կօգտվեն այլ երկրների փորձից՝ չկրկնելու նրանց սխալները: Կուսումնասիրվի նաև հարևան Վրաստանի փորձը, որն արդեն անցել է այդ փուլը, ընդգծել է նախարարը:
<Հավաստիացնում եմ ձեզ, մենք մտադիր չենք ստեղծել արտակարգ դատարաններ, ավելին՝ ուզում եմ նշել, որ անցումային արդարադատությունը ոչ մի կերպ չի հակասի երկրի Սահմանադրությանը, կոնվենցիաներին և Հայաստանի միջազգային պարտավորություններին: Ամեն բան կլինի բացառապես օրենքի շրջանակներում: Չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրությունը չի խախտվելու>, - նշել է նախարարը:
Զեյնալյանն ընդգծել է, որ անցումային արդարադատությունն ուղղված կլինի բացառապես մարդու իրավունքների վերականգնմանը:
Նշենք, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարություն էր տարածել, որում հայտարարել էր, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։
Օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր անցումային արդարադատության նոր մարմիններ ձևավորելու անհրաժեշտության մասին: «Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, և մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու և միջամտելու գայթակղությանը: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել հետևյալը. առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, և ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ուզում եմ նախորդ իշխանության և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,- ասել էր նա: