Արմինֆո.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը կայանալու է սեպտեմբերի 22-ին
ՀՖՖ արտահերթ ժողովի ժամանակ: Համապատասխան որոշում ընդունվել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստում:
Օգոստոսի 17-ին կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը: «ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները»,- նշում է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 16-ին կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, հայտարարել էր, որ պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել ՀՖՖ ղեկավարի պաշտոնում: Միաժամանակ, ինչպես ընդգծել էր Վանեցյանը, ՀՖՖ ղեկավար դառնալու պատրաստակամության մասին իր խոսքերը պետք չէ դիտարկել որպես պաշտոնական հայտարարություն, քանի որ առայժմ նոր ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն չկա: Ինչպես նշել է ԱԱԾ պետը, Բարձրագույն խմբում հանդես եկող 9 ակումբ միաձայն առաջարկել և պաշտպանել է իր թեկնածությունը: Նրա խոսքով, ինքը պաշտոնապես կառաջադրի իր թեկնածություն, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահն ու Գործկոմի անդամները նիստ կհրավիրեն, կհայտարարեն նոր ընտրությունների մասին: Ըստ որում, նրա կարծիքով, ՀՖՖ ղեկավարի պաշտոնը չի խանգարի իր հիմնական աշխատանքին, ընդհակառակը՝ ՀՖՖ ղեկավար ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտա ֆուտբոլին:
Ավելի վաղ 2002 թվականից ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ԱԱԾ ղեկավարըւ լավագույն թեկնածուն է ՀՖՖ նախագահի պաշտոնի համար, և եթե Վանեցյանն առաջադրի իր թեկնածությունը, ապա ինքը կրկին այդ պաշտոնում չի առաջադրվի և կաջակցի Վանեցյանի թեկնածությանը: Հատկանշական է, որ դեռ մի քանի շաբաթ առաջ Հայրապետյանը հայտարարել էր, որ պաշտոնից հեռանալ չի պատրաստվում: «Չկա այնպիսի մարդ, ով կկարողանա ստիպել ինձ հեռանալ»,- ասել էր Հայրապետյանը: