Արմինֆո. Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի
ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ: Այդ մասին ասվում է ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարության մեջ:
«Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները: Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին ժամանակահատվածում վարչապետի կողմից ավելի ու ավելի հաճախ արվող հայտարարությունները, այդ թվում՝ երեկվա հանրահավաքին, որոնք իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար:
Մինչդեռ թե՛ Սահմանադրության և թե՛ դատական օրենսգրքի մակարդակով ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ և երաշխիքներ, որոնք կոչված են դատական իշխանությանը և դրա կրողներին պաշտպանել նմանատիպ ոչ իրավաչափ ներգործությունից:
Դատական Օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։ Այդ արգելքի ակնհայտ, կոպիտ և նպատակային խախտումների պայմաններում հիմնական դերակատարը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը որպես անկախ պետական մարմին պետք է իրացնի իր սահմանադրական հիմնական գործառույթը՝ երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր անցումային արդարադատության նոր մարմիններ ձևավորելու անհրաժեշտության մասին: «Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, և մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու և միջամտելու գայթակղությանը: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել հետևյալը. առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, և ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ուզում եմ նախորդ իշխանության և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,- ասել էր նա: