Արմինֆո. «Պրիվետ, Ռոբ՚ քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր բողոքում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի նախօրեի որոշման դեմ, ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ ստորագրահավաք են անցկացնում` նախկին նախագահին ազատ արձակած դատավորի լիազորությունները դադարեցնելու համար:
Նախաձեռնության անդամ, իրավաբան Վահե Գրիգորյանի խոսքով, իրենք Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կասկածում են կողմնակալության մեջ: Ազարյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատել է նրա աշխատակազմում, ինչի պատճառով, իրենց կարծիքով, չէր կարող անաչառ լինել գործի նկատմամբ և պետք է ինքը ինքնաբացարկ հայտարարեր: «Ստորագրահավաքը կազմակերպվել է` Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու և նրա լիազորությունները դադարեցնելու նպատակով՚,- հայտարարել է Գրիգորյանը:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը լրագրողներին հայտարարել է, որ այն փաստը, որ նախկին նախագահի վերաքննիչ բողոքը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ժամանակին աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, հիմք չէ դատավորին հետ կանչելու համար:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Հատուկ քննչական ծառայությունում հայտարարել են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին դատարանի որոշումն անօրինական է: «Ավելին, դատարանը դուրս եկավ իր լիազորություններից: Հուսով ենք, որ դատախազը կբողոքարկի այդ որոշումը հաջորդ ատյանի դատարանում», - ասել են ՀՔԾ-ում: