Արմինֆո. Օգոստոսի 8-ին Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը, Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացրել և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։ Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ։
Հուլիսի 10-ին դատախազությունը հայտարարել էր, որ Շիրակի պետական համալսարանում, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ են յուրացվել, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց հիմքով էլ քրեական գործ է հարուցվել:
Այս թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նա նշել է, որ հրապարակված տեղեկությունները ճշտման փուլում են, և մինչ դրանց ճշտումն ինքը արձագանք և քաղաքական գնահատական չի տալու։
Միաժամանակ նա խոստանում է, որ այդ մասին «դեռ շա՜տ է խոսելու»։
«Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ, ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում»,– գրում է նա։