Արմինֆո. Վերաքննիչ դատարանում մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը մեկնարկել էր նախօրեին, բայց 8 ժամ քննարկումից հետո որոշվել էր շարունակել այն այսօր:
Ներկայումս մեղադրյալի բոլոր փաստաբանները գտնվում են դատական նիստների դահլիճում: Ինչպես սպասվում է, այսօր նախատեսվում է լսել մեղադրող կողմի փաստարկները:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք ելույթ կունենա Ռոբերտ Քոչարյանը: Նախկին նախագահի երեկվա ելույթը նրա փաստաբան Հայկ Ալումյանը «փայլուն՚ էր որակել` նշելով, որ իմաստ ունի նրա ասածի զգալի մասը հրապարակել: Մեկ այլ փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ հնարավոր է միջնորդության քնությունը ձգձգվի մինչև երկուշաբթի, որպեսզի հասցնեն լսել երկու կողմերի փաստարկները: Միաժամանակ նա լավատեսություն էր հայտնել դատարանի որոշման առնչությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի փատաբաններն օգոստոսի 1-ին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու դիմում են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Քննվում է երկու միջնորդություն. մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, մյուսը` կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը:
Օգոստոսի 8-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի 46 պատգամավորի միջնորդությունը:
Հուլիսի 28-ին Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2 ամսով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՔԾ միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: