Արմինֆո.Կասկած կա, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերված զենքը կարող էր օգտագործվել 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ` անձանց կողմից, ովքեր իրավապահ մարմինների ներկայացուցիչներ չեն եղել, այդ թվում` որոշ անձանց թիկնազորի ներկայացուցիչների կողմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը:
«Մենք ստացել ենք օպերատիվ տվյալներ, սակայն դա դեռ վարկած է, և այն ստուգվում է, անցկացվում է համապատասխան փորձաքննություն՚,- նշել է ԱԱԾ ղեկավարը:
Նշենք, որ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով նախօրեին ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը (Ջոնիկ): ԱրմԻնֆո-ի ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն` խուզարկություն է կատարվել նաև Հովիկ Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատի տան Մխչյան գյուղում, սակայն, հին որսորդական զենքից բացի, այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել: ԱԱԾ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն` Բագրատը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին մի խումբ մարդկանց ներգրավելու մեջ, որոնք գործել են իշխանությունների կողմից: