Արմինֆո. Այս տարի Հայաստանի 215 զինծառայողներ կընդունվեն Ռուսաստանի ռազմական բուհեր: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը: ՌԴ փոխնախարարը հիշեցրել է, որ երկու երկրների միջև ռազմական ոլորտում մշակված իրավանորմատիվային հիմքը ներառում է ավելի քան 60 պայմանագիր և համաձայնագիր: «Ձևավորվել և արդյունավետ գործում են անվտանգության ոլորտում որոշումների կայացման մեխանիզմները, իրականացվում է համատեղ ռազմական պլանավորում՚, - նշել է Ռուսաստանի փոխնախարարը: Նա նաև ընդգծել է, որ 102-րդ ռուսական ռազմակայանը ծառայում է որպես կայունության երաշխավոր Կովկասի տարածաշրջանում: «Սա մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակի ևս մեկ ցուցանիշ է՚, - ասել է Ֆոմինը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում փոխադարձ կարևորվել է երկու երկրների միջև առկա քաղաքական և ռազմական, դաշնակցային հարաբերությունների խորացումը: Քննարկվել են ռազմաքաղաքական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջնային ծրագրերը:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է Ալեքսանդր Ֆոմինին արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:
Կողմերը, անդրադառնալով «Միջազգային բանակային խաղերին», քննարկել են երկու պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների` մրցախաղերին մասնակցության ընթացքը և միջանկյալ արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին կմասնակցի մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» փակման հանդիսավոր արարողությանը: