Արմինֆո.Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին կառավարության նիստում գործադիրը սահմանել է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը:
Ինչպես հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը ՀՀ-ին հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը: Մասնավորապես, դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման ՀՀ-ին՝ ի դեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա, նվերի հանձնման հետ կապված ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցերի վերաբերյալ իրազեկման քայլեր պետք է արվեն, որպեսզի հասարակությունն էլ իմանա, որ նման օրենքներ կան և որ դատավորին նման նվերներ չի կարելի տալ: Վարչապետը հավելել է, որ սա շատ կարևոր թեմա է հանրային ծառայողների, հանրության համար և ընդհանրապես թափանցիկության տեսակետից: «Կարծում եմ, որ պետք է իրազեկման որոշակի միջոցներ ձեռնարկվեն և այդ իրազեկման օբյեկտը ոչ միայն պաշտոնյաները լինեն, այլև հանրությունը, որպեսզի այս մասով խաղի կանոնները պարզ լինեն և բոլորիդ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որովհետև կարծում եմ, որ գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են: Կխնդրեմ, որ արդարադատության նախարարությունը համապատասխան մյուս կառույցների հետ աշխատի, որպեսզի իրազեկվածության մակարդակը բարձրանա, զանգվածային լրատվության միջոցների հետ է պետք աշխատել այս թեմայով, որպեսզի կոնկրետացնեն, թե ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, նվեր ստանալու ընթացակարգերը պահպանվեն»,- ասել է կառավարության ղեկավարը: